ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ եվրոպական ուղղություն վերցնելու դեպքում Հայաստանի համար կվերանան ԵԱՏՄ անդամակցության բոլոր օգուտները։ «Տնտեսական իրականության դաժան փշերի վրա նստելու հավանականությունն օրեցօր աճում է այնպես, ինչպես եղավ 2014 թվականին Կիևում: Նա, ով փորձում է նստել երկու աթոռի վրա, ռիսկի է դիմում ցավոտ վայրէջք կատարել ուղիղ իր թուլացած հետույքի վրա»,- շեշտել է Մեդվեդևը։               
 

Սա գազլայթինգ է՝ ազգային մասշտաբով

Սա գազլայթինգ է՝ ազգային մասշտաբով
24.05.2026 | 16:43


Գազլայթինգ («գազային լույս»). հոգեբանական սադիզմի ձև, որի դեպքում չարագործը մանիպուլացնում է իր զոհի գիտակցությունը՝ համոզելով նրան չհավատալ սեփական աչքերին, սեփական բանականությանը, սեփական հիշողությանը։ Զոհն սկսում է մտածել, որ ինքն ամեն ինչ սխալ է հիշում, սխալ է հասկանում ու տեսնում, դադարում է վստահել ինքն իրեն և կորցնում է սադիստ-աբյուզերին դիմադրելու ունակությունը։

«Գազլայթինգ» տերմինն առաջացել է անգլիացի դրամատուրգ Պատրիկ Համիլթոնի պիեսից և դեռևս 1944 թվականին նկարահանված ֆիլմից։ Այնտեղ ցուցադրվում է, թե ինչպես է ամուսինը դանդաղորեն խելագարության հասցնում կնոջը՝ տանը միացնելով ու անջատելով գազը և համոզելով նրան, որ ինքը նման բան չի անում, գողանալով ու նրանից թաքցնելով զարդերն ու այլ իրեր կամ դրանք գցելով նրա պայուսակի մեջ, իսկ հետո համոզելով, որ նա ամեն ինչ սխալ է հիշում ու սխալ է տեսնում։ Նա համոզում է կնոջը, որ վերջինս գժվել է, մեկուսացնում է նրան ընկերներից, որպեսզի նա չկարողանա օգնություն խնդրել։ Կինն աստիճանաբար սկսում է հավատալ, որ ինքն իսկապես խելագարվում է, և միայն Սքոթլանդ Յարդից խուզարկու Ռաֆի միջամտությունն է փրկում նրան աբյուզերից։ Պիեսն ու ֆիլմը հիմնված են իրական հանցագործի՝ անգլիացի Ջո Սմիթի պատմության վրա, որը խեղդում էր իր կանանց լոգարանում՝ ապահովագրական ընկերությունից փող ստանալու համար։

Աբյուզի արդյունքում քայքայվում է մարդու հոգեկանը, նա դադարում է հավատալ ինքն իրեն, իր աչքերին, իր հիշողությանը, իրականության իր ընկալմանը, կորցնում է սեփական տեսակետը պաշտպանելու ունակությունը և ենթարկվում է սադիստին։

Իսկ ի՞նչ է անում գերագույն հիպնոսիզատորը մեր ժողովրդի հետ։ Սա գազլայթինգ է ազգային մասշտաբով։ Նա համոզում է մեզ, որ մենք ամեն ինչ սխալ ենք հիշում և սխալ ենք հասկանում։ Որ մենք չենք տեսել այն, ինչ տեսել ենք։ Որ մեր հիշողությանը, մեր աչքերին, մեր բանականությանը պետք չէ հավատալ. պետք է հավատալ իրեն՝ հիպնոսիզատոր-աբյուզերին։

Երբ մենք հիշում ենք հայկական Արցախի մասին՝ մենք սխալ ենք հիշում, նրանք այնտեղ չեն եղել։ Երբ մենք հիշում ենք նրա խոստումները՝ նա նման բան չի ասել։

Արցախում հայեր չեն եղել։ Նա այնտեղ հարբած վիճակում չի պարել։ Նա խաղաղություն ու անվտանգություն չի խոստացել Արցախի բնակչությանը։ Նա 120,000 մարդու չի հանձնել Պրահայում։ Գիտե՞ք դա ով է արել։ Նախորդ ղեկավարը։ Դուք դա չե՞ք տեսել։ Այդպե՞ս չեք հիշում։ Վերջ տվեք։ Դուք խելագարվել եք։ Մի՛ հավատացեք ինքներդ ձեզ, հավատացեք նրան՝ գերագույն հիպնոսիզատորին։

Նա անկլավներ չի հանձնել։ Նա Մեղրին չի հանձնել։ Երբ մեր սահմանին մեր փոխարեն օտարերկրյա սահմանապահներ լինեն, երբ մեր սեփականության 74%-ը պատկանի այլ պետության, դա հանձնում չէ։ Դա ինքնիշխանություն է։ Դուք ոչինչ չեք հասկանում։

Երբ մենք հանձնվում ենք, դա հաղթանակ է։ Երբ սպանում ու վտարում են մեր հայրենակիցներին՝ դա ազատություն է։ Դուք ամեն ինչ սխալ եք հասկանում, սխալ եք տեսնում։ Երբ մենք հանձնեցինք մեր եղբայրներին ու քույրերին, մենք կտրեցինք մեր վզի պարանը։ Դա ոչ թե դավաճանություն է, այլ ազատություն։ Դա ոչ թե պարտություն է, այլ հաղթանակ։ Երբ այս մարդը մեզ բերեց 3 պատերազմ 8 տարվա ընթացքում, դրանք պատերազմներ չեն։ Դա խաղաղություն է։

Պատրաստվե՛ք, սիրելի ընկերներ։ Երբ նա ի վերջո խոստովանի, որ արդեն հանձնել է ևս 4 անկլավ և որ համաձայնել է ադրբեջանցիների վերադարձին, դուք ստիպված կլինեք հավատալ, որ դա հերթական հաղթանակն է։ Երբ ձեզ վտարեն ձեր տներից, դուք պետք է մտածեք, որ դա ազատություն է։ Երբ Հայաստանում վրա հասնի ցուրտն ու սովը, դուք պետք է ընդունեք, որ դուք կուշտ եք, ու տաք է։

Եվ այսպես, պարտությունը հաղթանակ է։ Դավաճանությունը հայրենասիրություն է։ Կապիտուլյացիան ազատություն է։ Եվ պատերազմը խաղաղություն է։

Ահա թե ինչպես էր խելագարության հասցնում իր կնոջը Ջեք Մեննինգեմը հին անգլիական պիեսից։ Այսօր այդ դերում մենք ենք՝ մեր ողջ ժողովուրդը։ Բայց, ի տարբերություն միսիս Մեննինգեմի, որին օգնեց Սքոթլանդ Յարդի խուզարկու Ռաֆը, մեզ օգնել կարող ենք միայն մենք ինքներս։ Հունիսի 7-ին։

Արթուր Խաչիկյան

Դիտվել է՝ 300

Մեկնաբանություններ